Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անբարոյականություն է թիրախավորել նրանց, ովքեր մեր կողքին կյանք են տվել հանուն Հայաստանի

Անբարոյականություն է թիրախավորել նրանց, ովքեր մեր կողքին կյանք են տվել հանուն Հայաստանի
16.11.2026 | 13:52

Նոր տեսա «ՍԻՆՋԱՐ» ՀԿ-ի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ։ Կուզեմ մի քանի մտքով կիսվել։
Նախ՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթ չեմ, բայց, բնականաբար, ուրախ եմ Հարություն Մկրտչյանին պատճառված ցանկացած անհարմարության համար։
Այս գրառումն ամենևին միջադեպի մասին չէ, Բորիսի հետ էլ երբևէ շփվելու առիթ չեմ ունեցել, բայց նրա ազգային պատկանելությունը շահարկելը, եզդի լինելը թիրախավորելն ու այդ հանգամանքը նրա դեմ օգտագործելը համարում եմ անբարոյականություն։
Անկեղծ ասած՝ չէի անդրադառնա այս թեմային, եթե այդ մի քանի տասնյակ թիրախավորումները կեղծ էջերով լինեին։ Բայց կարդացածս գրառումները կատարել են մարդիկ՝ իրենց իրական էջերով։
Ուզում եմ մի բան հստակ ասել. Հայաստանում ապրող եզդիները մեզ համար պարզապես ազգային փոքրամասնություն չեն (ինչպես, օրինակ, հնդիկները և այլք)։ Նրանք մեր անբաժան մասն են, մեր երկրի պատմության, ներկայի ու ապագայի մասնակիցները։ Մեր կողքին ապրող, մեր դժվարություններն ու ճակատագիրը կիսող եղբայր ժողովուրդ են։ Եթե իրենք դեմ չլինեին, ես նույնիսկ մեկ ազգ կանվանեի։ Ասեմ՝ ինչու։
Բավական է միայն հիշել մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունները։ Առաջին Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից եզդի կամավորները հայերի կողքին էին՝ իրենց կյանքը վտանգելով և զոհելով հանուն Հայաստանի։ Նույնը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, նույնը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ու նրանք պարտավոր չէին կամավոր մասնակցել պատերազմին (կամավոր բառն ինքնին հուշում է)։
Ես անձամբ աշխատանքային փորձ եմ ունեցել եզդի գործընկերների հետ։ Աշխատանքի բերումով անհրաժեշտ էր ստուգել բոլորի կատարած աշխատանքը, քանի որ տարբեր որակական խնդիրներ էին առաջանում։ Սակայն եզդի գործընկերոջս հետ որոշ ժամանակ աշխատելուց հետո որոշեցի այլևս չստուգել նրա աշխատանքը, քանի որ դրա անհրաժեշտությունը պարզապես չկար։ Ուղիղ մեկ տարի նրա կատարած աշխատանքում որակական որևէ խնդիր չարձանագրվեց։ Ոչ մի դեպք։
Սա, իհարկե, ընդհանրացում չէ, այլ անձնական փորձ, որը պարզապես ևս մեկ անգամ ամրապնդեց իմ դրական վերաբերմունքը եզդի ժողովրդի նկատմամբ։
Մի դրվագ էլ կա, որն ամրապնդեց իմ վերաբերմունքն այդ ժողովրդի նկատմամբ։ Հիշում եմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ խանութ էի գնացել։ Այնտեղ մի եզդի երիտասարդ ինձ սպասարկեց։ Պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ից մի քանի օր անց, կրկին անցա նույն խանութի կողքով և տեսա նրան։ Նույն տեղում էր, նույն համեստությամբ, նույն աշխատանքն էր անում։ Բայց հետո իմացա, որ այդ 44 օրերի ընթացքում նա ոչ թե աշխատել էր, այլ կամավոր մեկնել էր ռազմաճակատ։
Եվ հենց այդ պատճառով էլ որևէ մեկին եզդի լինելու համար թիրախավորելն անվանեցի ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։
Եզդիներն այնքան յուրահատուկ ժողովուրդ են, որ նույնիսկ եթե հայրենասիրական տեսանկյունից չնայենք, մեկ այլ օրինակ բերեմ՝ Հայաստանաբնակ նրանց ամենահայտնի «քրեական հեղինակություն» Ռազմիկ Ամոյանը՝ Ճակոն։ 90-ականներին մահացած այս «քրեական հեղինակության» մասին տասը պատմություն են պատմում, որոնցից ութը բարեգործության, երկուսը՝ սպորտի մասին են։ Այն, որ չես էլ հասկանում՝ բա ո՞ր մասն էր «քրեական»։
Ամփոփեմ. մենք իրավունք չունենք մոռանալու, թե ինչպես ենք ամենածանր պահերին կողք կողքի կանգնել եզդի ժողովրդի հետ։ Նրանց հավատարմությունը, նվիրումն ու հայրենասիրությունն ապացուցվել են ոչ թե խոսքերով, այլ բազում գործերով։
Փա՛ռք եզդի այն տղաներին, որոնք հայերի կողքին կռվեցին ու իրենց կյանքը գիտակցաբար զոհեցին հանուն հայրենիքի՝ Հայաստանի։

Արթուր ՍՈՒՔՈՅԱՆ
Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ